Մեր մասին

Առասպելական երկրում, Արարատ լեռան փեշերից է սկիզբ առնում հայկական հանրահայտ գինիների պատմությունը: Նոյի տապանի երկար դեգերումներից հետո, այդուհանդերձ, մարդկանց հաջողվեց պահպանել խաղողի փոքրիկ ողկույզը:
Եվ, ինչպես ավանդությունն է փաստում, Նոյն Արարատյան դաշտում ծնկի իջավ և լեռան ստորոտում խնամքով տնկեց այդ բողբոջը: Զարմանալիորեն հյութեղ, քաղցր պտուղներով բերք ստացան: Խաղողի այնքան առատ բերք էր ստացվել, որ ավելացածը տակառների մեջ լցրեցին և տեղավորեցին նկուղում: Իսկ ձմռանը, երբ Նոյի գերդաստանն ուզեց վերհիշել ամառն ու պտուղներ ճաշակել, պարզվեց, որ պաշարները տրորված են, թթվահամ: Ի՜նչ հիասթափություն ապրեցին: Բարեբախտաբար, ինչ-որ մեկը փորձեց անսովոր, բայց հաճելի բույր ունեցող հյութը, որ հավաքվել էր տակառում: Եվ իսկական հրաշք տեղի ունեցավ, պտուղներից զարմանահրաշ հյութ էր առաջացել՝ նրբահամ և հոգուն ժպիտ պարգևող:
Ըստ լեգենդի՝ հայկական հողում այդպես սկզբնավորվեց խաղողագործությունն ու գինեգործությունը:

Հնագույն ժամանակներից են գալիս Հայաստանի Արագածոտնի մարզի խաղողագործության ավանդույթները։ Արագածոտնի մարզի հողատարածքների 40%-ը զբաղեցնում են խաղողի այգիները։ Այստեղ է գտնվում Հայաստանի գինեգործական արվեստի գլխավոր կենտրոններից մեկը՝ Օշական գյուղը։